Գլխավոր տեղեկություն
ՀամարՀՕ-144-Ն
ՏիպՕրենք
Ակտի
տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.01.2025-մինչ
օրս)
ԿարգավիճակԳործում
է
ՍկզբնաղբյուրՀՀՊՏ 2018.03.21/20(1378)
Հոդ.310
Ընդունող մարմինՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ07.03.2018
Ստորագրող մարմինՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ21.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ09.04.2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի մարտի 7-ին
ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Հանրային խորհուրդը
Հոդված 1. Հանրային խորհուրդը
1. Հանրային խորհուրդը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 161-րդ
հոդվածին համապատասխան, Կառավարության խորհրդակցական մարմին է:
2. Հանրային խորհրդի գործունեությունը հիմնված է կամավորության սկզբունքի վրա:
ԳԼՈՒԽ 2 ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
Հոդված 2.Հանրային խորհրդի խնդիրները
Հոդված 2.Հանրային խորհրդի խնդիրները
1. Հանրային խորհրդի խնդիրներն են`
1) քաղաքականության մշակման եւ իրականացման գործում հասարակության տարբեր
շերտերի շահերը ներկայացնելը.
2) պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության
մասնակցությանը նպաստելը, այդ թվում` քաղաքացիական հասարակության զարգացման
քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ Կառավարությանն
առաջարկություններ ներկայացնելը.
3) Կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների եւ
քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջեւ փոխադարձ վստահության,
երկխոսության եւ գործընկերային հարաբերությունների ձեւավորմանը նպաստելը.
4) հանրային նշանակություն ունեցող հարցերի, այդ թվում` օրենքների եւ այլ նորմատիվ
իրավական ակտերի, պետական ծրագրերի, ռազմավարությունների, հայեցակարգերի եւ
դրանց նախագծերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելը.
5) սոցիալական գործընկերների (արհմիության, գործատուների, Կառավարության) միջեւ
սոցիալական երկխոսությանն աջակցելը.
6) ընդհանուր ազգային խնդիրների շուրջ Հայաստանի եւ սփյուռքի հայության ջանքերի
համախմբմանն իր գործառույթների շրջանակներում աջակցելը.
7) մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, խախտված իրավունքների
եւ ազատությունների վերականգնման նպատակով Հայաստանի Հանրապետությունում 1991
թվականի սեպտեմբերի 21-ից մինչեւ 2023 թվականը ներառյալ ժամանակահատվածի
(այսուհետ՝ Ուսումնասիրվող ժամանակահատված) իրադարձությունների եւ դեպքերի
շրջանակում կամ դրանց հետեւանքով տեղի ունեցած մարդու իրավունքների հիմնարար եւ
պարբերական խախտումների բացահայտմանը, հնարավոր խախտումների
կանխարգելմանը, կրկնության բացառմանը, հասարակության սոցիալական վերափոխմանը,
սոցիալական արդարության վերականգնմանը, հաշտեցմանը, խախտումներից եւ
իրադարձություններից տուժած կամ դրանց բացասական հետեւանքները այլ կերպ կրած
(կրող) անձանց իրավունքների ճանաչմանը, վերականգնմանը եւ պաշտպանությանը
նպաստող գործունեություն (այսուհետ՝ փաստահավաք գործունեություն) իրականացնելը:
(2-րդ հոդվածը լրաց. 04.12.24 ՀՕ-527-Ն)
(04.12.24 ՀՕ-527-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված 3.Հանրային խորհրդի գործառույթները
Հոդված 3.Հանրային խորհրդի գործառույթները
1. Հանրային խորհուրդն իր առջեւ դրված խնդիրների կենսագործման նպատակով` սույն
օրենքով եւ Հանրային խորհրդի կանոնադրությամբ սահմանված կարգով`
1) վարչապետի առաջարկությամբ`
ա. կազմակերպում է հանրային լսումներ կամ քննարկումներ` հասարակական
հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաեւ հասարակական կյանքի կարեւորագույն
ոլորտներին առնչվող հարցերի վերաբերյալ,
բ. իրականացնում է գործող օրենքների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի, պետական
ծրագրերի, ռազմավարությունների, հայեցակարգերի եւ դրանց նախագծերի հասարակական
փորձաքննություն եւ տալիս է եզրակացություն, ներառյալ` դրանցում փոփոխություններ եւ
լրացումներ կատարելու մասին առաջարկությունները.
2) սեփական նախաձեռնությամբ`
ա. իրականացնում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված
միջոցառումները,
բ. հասարակական փորձաքննության է ենթարկում սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի
«բ» ենթակետում նշված իրավական ակտերը, իրավական ակտերի նախագծերն ու
փաստաթղթերը եւ տալիս է եզրակացություն, եթե Հանրային խորհրդի գնահատմամբ դրանք
ձեռք են բերել կամ կարող են ձեռք բերել հանրային հնչեղություն,
գ. իրականացնում է հանրային հնչեղության այլ հարցերի, ինչպես նաեւ հանրության
բարձրացրած հիմնահարցերի վերլուծություններ եւ տալիս եզրակացություն,
դ. հասարակության տարբեր շերտերի հետաքրքրությունների եւ շահերի միջեւ առկա
հակասությունների բացահայտման նպատակով, կարեւորելով սոցիալական գործընկերների
միջեւ սոցիալական երկխոսությանն աջակցելը, խորհրդակցություններ կամ քննարկումներ է
կազմակերպում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ` արդյունքների մասին
տեղեկացնելով Կառավարությանը,
ե. իր ձեւավորած փաստահավաք գործունեություն իրականացնող ժամանակավոր
հանձնաժողովի (այսուհետ՝ Փաստահավաք հանձնաժողով) միջոցով իրականացնում է սույն
օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված փաստահավաք գործունեություն:
2. Կառավարության եւ հասարակության միջեւ արդյունավետ երկխոսության կայացմանը
նպաստելու նպատակով Հանրային խորհուրդն իր նախաձեռնությամբ, յուրաքանչյուր
դեպքում գնահատելով անհրաժեշտությունը, կարող է դիմել վարչապետին` սույն հոդվածի 1-
ին մասի 2-րդ կետի «ա» եւ «դ» ենթակետերում նշված միջոցառումներին Կառավարության
ներկայացուցչի մասնակցությունն ապահովելու խնդրանքով:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ 2-րդ կետի «ա», «բ» եւ «գ» ենթակետերով
նախատեսված դեպքերում Հանրային խորհուրդն իր եզրակացությունը ներկայացնում է
վարչապետին, որը որոշում է դրանց հետագա ընթացք տալու հարցը:
4. Հանրային խորհուրդը կարող է անդամակցել համապատասխան միջազգային
հասարակական կազմակերպություններին եւ իրականացնել միջազգային
համագործակցություն` իր գործունեությանն առնչվող ոլորտի մարմինների հետ:
(3-րդ հոդվածը լրաց. 04.12.24 ՀՕ-527-Ն)
(04.12.24 ՀՕ-527-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
ԳԼՈՒԽ 3 ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 4.Հանրային խորհրդի կառուցվածքը
Հոդված 4.Հանրային խորհրդի կառուցվածքը
1. Հանրային խորհուրդը կազմված է 45 անդամից:
2. Հանրային խորհրդի անդամ կարող է լինել 25 տարին լրացած, Հայաստանի
Հանրապետությանը ծառայություններ մատուցած, հանրային կամ իր մասնագիտական
ոլորտում հեղինակություն վայելող, ինչպես նաեւ Հանրային խորհրդի առջեւ դրված խնդիրների
կենսագործման համար անհրաժեշտ հմտություններ ունեցող յուրաքանչյուր անձ:
3. Հանրային խորհրդի անդամ չեն կարող լինել`
1) քաղաքական, վարչական կամ ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձինք, զինված
ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության եւ քննչական
մարմինների ծառայողները, հանրային ծառայության պաշտոնների անվանացանկով
նախատեսված բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող անձինք.
2) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք.
3) հանցագործության համար դատապարտված անձինք, որոնց դատվածությունը
սահմանված կարգով մարված կամ վերացված չէ.
4) օրենքի խախտմամբ ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն չանցած
անձինք:
4. Հանրային խորհրդի անդամն իր գործունեության ընթացքում քաղաքական հարցերում
պարտավոր է պահպանել չեզոքություն:
5. Հանրային խորհրդին կից գործում են 15 ոլորտային մշտական հանձնաժողովներ:
6. Հանրային խորհրդին առընթեր գործում է Ազգային փոքրամասնությունների պալատ, որի
կազմավորման կարգը եւ գործառույթները սահմանվում են օրենքով:
7. Հանրային խորհուրդը ձեւավորում է Փաստահավաք հանձնաժողով, որի կազմավորման
կարգը եւ գործառույթները սահմանվում են սույն օրենքով:
(4-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-189-Ն, լրաց. 04.12.24 ՀՕ-527-Ն)
(04.12.24 ՀՕ-527-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված
5.
Հանրային խորհրդի կազմավորումը եւ գործունեության ժամկետը
1. Հերթական Հանրային խորհրդի կազմավորումն սկսվում է ոչ ուշ, քան Ազգային ժողովի
հերթական ընտրությանը հաջորդող Կառավարության կազմավորումից հետո՝ 30-օրյա
ժամկետում:
2. Հանրային խորհուրդը կազմավորվում է հետեւյալ կարգով.
1) 15 անդամ նշանակվում է Կառավարության կողմից.
2) 15 անդամ ընտրվում է սույն հոդվածի 4-րդ մասում նշված կառույցների ներկայացրած
թեկնածություններից (մշտական հանձնաժողովների նախագահներ).
3) 15 անդամ ընտրվում է սույն մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված կարգով
նշանակված կամ ընտրված անդամների կողմից:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում վարչապետը՝ նրանց
համաձայնությամբ, Կառավարությանն է առաջարկում Հանրային խորհրդի 15 անդամների
թեկնածությունները: Կառավարությունը վարչապետի առաջարկությունն ստանալուց հետո իր
առաջիկա նիստում քննարկման է դնում Հանրային խորհրդի՝ սույն մասով նախատեսված
անդամների նշանակման հարցը:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով Հանրային խորհրդի անդամների
նշանակումից հետո վարչապետի աշխատակազմի՝ Հանրային խորհրդի քարտուղարությունն
ապահովող կառուցվածքային ստորաբաժանումը Հանրային խորհրդի անդամների անունից
անհապաղ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական
ինտերնետային կայքում եւ Կառավարության պաշտոնական համացանցային կայքում
հրապարակում է հայտարարություն՝ հասցեագրված տեղական ինքնակառավարման
մարմիններին, համապատասխան ոլորտների հասարակական կազմակերպություններին,
հայրենակցական եւ ստեղծագործական միություններին, երիտասարդական եւ ուսանողական
կազմակերպություններին, զանգվածային լրատվության միջոցներին, վետերանների
միություններին, գիտակրթական կազմակերպություններին, սպառողների իրավունքների
պաշտպանության, գործարարների եւ արդյունաբերողների միություններին, կրոնական
կազմակերպություններին, սփյուռքի կառույցներին եւ քաղաքացիական հասարակության այլ
կառույցներին՝ Հանրային խորհրդի մշտական հանձնաժողովներում ներկայացուցիչներ
առաջարկելու նպատակով:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված կազմակերպությունները սույն հոդվածի 4-րդ
մասով նախատեսված հայտարարությունը տեղադրելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, կարող
են գրավոր եղանակով վարչապետի աշխատակազմի՝ Հանրային խորհրդի
քարտուղարությունն ապահովող կառուցվածքային ստորաբաժանում ներկայացնել մշտական
հանձնաժողովների անդամների իրենց թեկնածությունները՝ ներկայացնելով նաեւ նրանց
գրավոր համաձայնությունը Հանրային խորհրդի անդամ նշանակվելու վերաբերյալ:
Ներկայացված թեկնածուների եւ նրանց ներկայացրած կազմակերպությունների ցանկը
թեկնածությունները ներկայացնելու վերջնաժամկետի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում,
հրապարակվում է Կառավարության պաշտոնական համացանցային կայքում:
6. Վարչապետի աշխատակազմի՝ Հանրային խորհրդի քարտուղարությունն ապահովող
կառուցվածքային ստորաբաժանումը, Հանրային խորհրդի մշտական հանձնաժողովների
անդամների թեկնածությունները ներկայացնելու վերջնաժամկետի ավարտից հետո՝
երեքշաբաթյա ժամկետում, կազմակերպում է մշտական հանձնաժողովների նախագահների
գաղտնի քվեարկությամբ ընտրությունը, որը կատարում են սույն հոդվածի 3-րդ մասով
սահմանված կարգով նշանակված անդամները: Ընտրությունը կարող է կայանալ, եթե դրան
մասնակցում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով նշանակված Հանրային
խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը: Ընտրությունն իրականացվում է
քվեաթերթիկում քվեարկություն կատարելու միջոցով: Քվեաթերթիկում յուրաքանչյուր
թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը՝ նշումի համար
նախատեսված դատարկ քառանկյունում: Քվեարկության մասնակիցը յուրաքանչյուր
թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարում «կողմ եմ» բառերին համապատասխանող
քառանկյան մեջ, իսկ դեմ քվեարկելիս որեւէ նշում չի կատարում: Քվեարկության
յուրաքանչյուր մասնակից կարող է կողմ քվեարկել առավելագույնը 15 թեկնածուի:
Քվեարկության արդյունքներով ընտրված են համարվում առավել կողմ ձայներ ստացած 15
թեկնածուները: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է վիճակահանություն:
Մշտական հանձնաժողովների ընտրված նախագահների կազմը, որոնք ընտրվում են նաեւ
որպես Հանրային խորհրդի անդամներ, անհապաղ ներկայացվում է վարչապետին եւ
հրապարակվում է Կառավարության պաշտոնական համացանցային կայքում:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով Հանրային խորհրդի մյուս 15
անդամների կազմը վարչապետին ներկայացնելուց հետո՝ 20-օրյա ժամկետում, Հանրային
խորհրդի 30 անդամներից յուրաքանչյուրը, նպատակ ունենալով ապահովել հասարակության
տարբեր ոլորտների մասնագետների հնարավորին չափ լայն ներկայացվածությունը
Հանրային խորհրդում, կարող է առաջադրել Հանրային խորհրդի անդամի մեկական
թեկնածու՝ մնացյալ 15 տեղերի համար ( թեկնածուների ընդհանուր թիվը չի կարող պակաս
լինել 15-ից)՝ ստանալով նրանց գրավոր համաձայնությունը Հանրային խորհրդի անդամ
նշանակվելու վերաբերյալ: Թեկնածուների վերաբերյալ տվյալները ներկայացվում են
վարչապետի աշխատակազմի՝ Հանրային խորհրդի քարտուղարությունն ապահովող
կառուցվածքային ստորաբաժանում, իսկ թեկնածուների առաջադրումից հետո՝ եռօրյա
ժամկետում, ներկայացված թեկնածուների ցանկը հրապարակվում է Կառավարության
պաշտոնական համացանցային կայքում:
8. Ներկայացված թեկնածուների ցանկը Կառավարության պաշտոնական համացանցային
կայքում հրապարակվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, վարչապետի աշխատակազմի՝
Հանրային խորհրդի քարտուղարությունն ապահովող կառուցվածքային ստորաբաժանումը
կազմակերպում է սույն մասով առաջադրված անդամների ընտրությունը: Սույն մասով
նախատեսած Հանրային խորհրդի անդամների ընտրությունը կատարում են սույն հոդվածի 3-
րդ եւ 6-րդ մասերով սահմանված կարգով նշանակված եւ ընտրված անդամները: Ընտրությունը
կարող է կայանալ, եթե դրան մասնակցում է արդեն իսկ նշանակված եւ ընտրված Հանրային
խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը: Սույն մասով նախատեսված ընտրության եւ
դրա արդյունքների ամփոփման նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի 6-րդ մասով
սահմանված կարգավորումները:
9. Հանրային խորհրդի 30 անդամներն անհապաղ վարչապետին են ներկայացնում սույն
հոդվածի 8-րդ մասին համապատասխան ընտրված 15 անձանց կազմը, որից հետո՝ եռօրյա
ժամկետում, վարչապետը բոլոր 45 անդամների կազմից Հանրային խորհրդի նախագահի
թեկնածությունը ներկայացնում է Կառավարություն:
10. Կառավարությունն իր առաջիկա նիստում քննարկում է Հանրային խորհրդի նախագահ
նշանակելու հարցը:
11. Սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված որոշման ընդունման հաջորդ օրը
Հանրային խորհուրդը համարվում է կազմավորված, որի մասին նույն օրը վարչապետը
գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունն ստորագրում է
վարչապետը եւ հրապարակում Կառավարության պաշտոնական համացանցային կայքում:
12. Հանրային խորհրդի գործունեության ժամկետն ավարտվում է Ազգային ժողովի
հերթական ընտրությունից հետո կազմավորված Կառավարության վարչապետի կողմից սույն
հոդվածի 11-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու օրը:
13. Ազգային ժողովի լիազորությունների ժամկետում նոր Կառավարություն կազմավորվելու
դեպքում այն իր կազմավորումից հետո՝ 30-օրյա ժամկետում, վարչապետի առաջարկության
հիման վրա կարող է վաղաժամկետ դադարեցնել Կառավարության նշանակած անդամների
գործունեությունը եւ նշանակել Հանրային խորհրդի նոր նախագահ եւ անդամներ:
14. Նոր կազմավորված Կառավարության կողմից սույն հոդվածի 13-րդ մասում նշված
ժամկետում Կառավարության նշանակած առաջին 15 անդամների կազմի ոչ ավելի, քան կեսը
փոխվելու դեպքում սույն հոդվածի 8-րդ մասին համապատասխան ընտրված վերջին 15
անդամների կազմը մնում է անփոփոխ: Իսկ եթե Կառավարությունը, սույն մասին
համապատասխան, փոխում է Կառավարության նշանակած առաջին 15 անդամների կազմի
կեսից ավելիին, ապա այդ նոր կազմը երկրորդ 15 անդամների հետ համատեղ, սույն հոդվածի
8-րդ մասին համապատասխան, իրականացնում է վերջին 15 անդամների նոր ընտրություն:
Սույն մասով նախատեսված դեպքում նշանակված Հանրային խորհրդի նախագահը եւ
անդամները պաշտոնավարում են մինչեւ Հանրային խորհրդի գործունեության ժամկետի
ավարտը:
15. Հանրային խորհրդի՝ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով նշանակված
անդամների, ինչպես նաեւ Հանրային խորհրդի նախագահի գործունեության վաղաժամկետ
դադարեցման հարց կարող է քննարկվել նրանց նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո,
եւ նշված անդամներին նշանակած Կառավարության գործունեության ընթացքում ոչ ավելի,
քան մեկ անգամ: Ընդ որում, եթե վաղաժամկետ դադարեցվում է միայն Հանրային խորհրդի
նախագահի գործունեությունը, ապա նա շարունակում է իր գործունեությունը որպես
Հանրային խորհրդի անդամ:
(5-րդ հոդվածը խմբ. 04.12.24 ՀՕ-527-Ն)
(04.12.24 ՀՕ-527-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված 6.Հանրային խորհրդի գործունեության կարգը
Հոդված 6.Հանրային խորհրդի գործունեության կարգը
1. Հանրային խորհրդի գործունեությունն իրականացվում է Հանրային խորհրդի, ինչպես
նաեւ նրա մշտական հանձնաժողովների եւ Փաստահավաք հանձնաժողովի նիստերի միջոցով:
2. Առանձին հարցերի քննարկման, այդ թվում` հասարակական փորձաքննություն
իրականացնելու համար եւ դրանց վերաբերյալ Հանրային խորհրդի որոշումների
նախապատրաստման նպատակով Հանրային խորհուրդը, ներգրավելով մասնագետների
(փորձագետների), կարող է ձեւավորել ժամանակավոր հանձնաժողովներ եւ աշխատանքային
խմբեր:
3. Հանրային խորհրդի նիստերը հրավիրվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ:
Նոր ձեւավորված Հանրային խորհրդի առաջին նիստը գումարվում է ոչ ուշ, քան Հանրային
խորհրդի ձեւավորումից 10 օր հետո:
4. Հանրային խորհրդի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է Հանրային
խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:
5. Հանրային խորհրդի արտահերթ նիստերը հրավիրում է Հանրային խորհրդի
նախագահը` իր նախաձեռնությամբ կամ Հանրային խորհրդի անդամների առնվազն մեկ
քառորդի պահանջով: Հանրային խորհրդի արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի
օրակարգով:
6. Հանրային խորհրդի նիստերին Հանրային խորհրդի նախագահի կամ անդամների
առնվազն մեկ քառորդի առաջարկությամբ կարող են հրավիրվել այլ անձինք:
7. Հանրային խորհրդի նախագահը Հանրային խորհրդի նիստի օրակարգի, ժամանակի եւ
վայրի մասին Հանրային խորհրդի կանոնադրությամբ սահմանված կարգով եւ ժամկետում
ծանուցում է Հանրային խորհրդի անդամներին, նիստին մասնակցող այլ անձանց:
8. Օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ նյութերը Հանրային խորհրդի
անդամներին տրամադրվում են հարցի քննարկումից առնվազն երկու օր, իսկ հրատապ
հարցերի քննարկման դեպքում` ոչ ուշ, քան նիստից առնվազն մեկ ժամ առաջ:
9. Հանրային խորհրդի նիստերը դռնբաց են, եթե Հանրային խորհուրդը նիստերը դռնփակ
անցկացնելու մասին որոշում չի կայացնում:
10. Հանրային խորհուրդն ընդունում է որոշումներ, որոնք կարող են լինել
առաջարկությունների, եզրակացությունների ձեւով եւ կրում են խորհրդատվական բնույթ:
Հանրային խորհուրդն իր որոշումները կարող է տեղադրել իր պաշտոնական համացանցային
կայքում:
11. Հանրային խորհրդի նիստում որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների
ձայների մեծամասնությամբ:
12. Հանրային խորհրդի նախագահն անհրաժեշտ նյութեր եւ փաստաթղթեր ստանալու
նպատակով իրավասու է հարցումներ ուղղելու պետական կառավարման համակարգի
մարմիններին:
13. Հանրային խորհրդի գործունեության ընթացակարգային դրույթները, մշտական
հանձնաժողովների գործունեության ոլորտները, դրանց գործունեության, ինչպես նաեւ
ժամանակավոր հանձնաժողովների, բացառությամբ Փաստահավաք
հանձնաժողովի, աշխատանքային խմբերի կազմավորման եւ գործունեության կարգը
սահմանվում են Հանրային խորհրդի կանոնադրությամբ:
14. Հանրային խորհրդի կանոնադրությունը, ինչպես նաեւ դրանում փոփոխություններն
ընդունվում են Կառավարության որոշմամբ: Հանրային խորհուրդը կարող է
առաջարկություններ ներկայացնել կանոնադրության, ինչպես նաեւ դրանում
փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
15. Սույն հոդվածի կանոնները կիրառելի են սույն օրենքի 5.1-ին գլխով կարգավորվող
հարաբերությունների նկատմամբ այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքի
5.1-ին գլխով սահմանված կարգավորումներին:
(6-րդ հոդվածը լրաց. 04.12.24 ՀՕ-527-Ն)
(04.12.24 ՀՕ-527-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված 7.Հանրային խորհրդի նախագահը
Հոդված 7.Հանրային խորհրդի նախագահը
1. Հանրային խորհուրդը գլխավորում է Հանրային խորհրդի նախագահը:
2. Հանրային խորհրդի նախագահը ղեկավարում է Հանրային խորհրդի գործունեությունը,
հրավիրում եւ վարում է Հանրային խորհրդի նիստերը, Հանրային խորհրդի անունից
ստորագրում է պետական մարմիններին, պաշտոնատար կամ այլ անձանց հասցեագրվող
գրությունները, ապահովում է Հանրային խորհրդի բնականոն գործունեությունը:
3. Հանրային խորհրդի նախագահը յուրաքանչյուր տարի` մինչեւ փետրվարի 15-ը,
հաշվետվություն է ներկայացնում Կառավարություն Հանրային խորհրդի նախորդ տարվա
գործունեության մասին` զուգահեռաբար այն հրապարակելով Հանրային խորհրդի
պաշտոնական համացանցային կայքում:
3.1. Հանրային խորհրդի նախագահը Հանրային խորհրդի կողմից Փաստահավաք
հանձնաժողովի եզրափակիչ զեկույցը հաստատվելուց հետո այն Փաստահավաք
հանձնաժողովի գործունեության կարգով սահմանված կարգով եւ ժամկետներում
ներկայացնում է Կառավարություն:
4. Հանրային խորհրդի նախագահի բացակայության կամ պարտականությունները
ժամանակավորապես կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է
Հանրային խորհրդի անդամներից մեկը` Հանրային խորհրդի նախագահի որոշմամբ: Նման
որոշման բացակայության դեպքում Հանրային խորհրդի նախագահին փոխարինում է
Հանրային խորհրդի տարիքով ավագ անդամը:
(7-րդ հոդվածը լրաց. 04.12.24 ՀՕ-527-Ն)
(04.12.24 ՀՕ-527-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
ԳԼՈՒԽ 4 ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐՈՒՄԸ
Հոդված 8.Հանրային խորհրդի անդամների գործունեության դադարեցումը
Հոդված 8.Հանրային խորհրդի անդամների գործունեության դադարեցումը
1. Հանրային խորհրդի անդամի գործունեությունը դադարեցվում է վարչապետի
առաջարկությամբ` Կառավարության որոշմամբ, եթե`
1) նշանակումից հետո ի հայտ են եկել փաստեր, որոնք հավաստում են նրա` սույն օրենքի
4-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված պահանջներին
անհամապատասխանությունը.
2) նշանակվել կամ ընտրվել է սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով
նախատեսված որեւէ պաշտոնում.
3) վերջին մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով չի մասնակցել Հանրային
խորհրդի երկու անընդմեջ կամ ընդհանուր առմամբ երեք նիստերին:
2. Հանրային խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են նաեւ սույն օրենքի 5-
րդ հոդվածի 12-րդ եւ 14-րդ մասերով նախատեսված դեպքերում:
Հոդված 9.Հանրային խորհրդի անդամների գործունեության դադարումը
Հոդված 9.Հանրային խորհրդի անդամների գործունեության դադարումը
1. Հանրային խորհրդի անդամի լիազորությունները դադարում են, եթե`
1) նա այդ մասին դիմում է ներկայացրել.
2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ,
սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.
3) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը,
որով նա դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, կամ որով նշանակվել է
ազատությունից զրկելու հետ կապված պատիժ.
4) Կառավարության պաշտոնական համացանցային կայքում հրապարակվել է
վարչապետի` սույն օրենքի 5-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված գրավոր
հայտարարությունը.
5) նա մահացել է:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում Հանրային խորհրդի
անդամի լիազորությունները դադարում են նրա կողմից դիմումը ներկայացվելու օրվան
հաջորդող օրը, 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված դեպքերում` համապատասխան
դատական ակտն ուժի մեջ մտնելու օրը, 4-րդ կետով նախատեսված դեպքում` վարչապետի
գրավոր հայտարարությունը Կառավարության պաշտոնական համացանցային կայքում
հրապարակվելու օրը, իսկ 5-րդ կետով նախատեսված դեպքում` նրա մահվան օրը:
3. Հանրային խորհրդի նախագահի լիազորությունները դադարեցվում են սույն օրենքի 5-րդ
հոդվածի 12-րդ եւ 14-րդ մասերով նախատեսված դեպքերում, իսկ դադարում են` նրա` որպես
Հանրային խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվելու կամ դադարելու դեպքերում:
(9-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-189-Ն)
Հոդված 10.Հանրային խորհրդի նոր անդամի նշանակման (ընտրության) կարգը
Հոդված 10.Հանրային խորհրդի նոր անդամի նշանակման (ընտրության) կարգը
1. Հանրային խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման կամ
դադարման օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում Հանրային խորհրդում ընդգրկվում է նոր
անդամ` սույն օրենքով տվյալ անդամի նշանակման կամ ընտրության համար սահմանված
կարգով:
ԳԼՈՒԽ 5 ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 11.Հանրային խորհրդի քարտուղարությունը
Հոդված 11.Հանրային խորհրդի քարտուղարությունը
1. Հանրային խորհրդի գործունեությունն ապահովում է նրա քարտուղարությունը, որը
վարչապետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է:
2. Հանրային խորհրդի ֆինանսավորումն իրականացվում է վարչապետի աշխատակազմի
միջոցով` պետական բյուջեով նախատեսված ծախսերի շրջանակներում:
3. Հանրային խորհրդի ֆինանսավորումն արտացոլվում է բյուջետային հայտում եւ
պետական բյուջեում` առանձին տողով:
(11-րդ հոդվածը խմբ. 11.02.21 ՀՕ-73-Ն)
ԳԼՈՒԽ 6 ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 12.Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
Հոդված 12.Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր
պաշտոնի ստանձնման օրը:
2. Սույն օրենքի հիման վրա Հանրային խորհրդի առաջին կազմը ձեւավորում է նորընտիր
Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնումից հետո կազմավորված
Կառավարությունը` սույն օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան: Նոր կազմավորված
Հանրային խորհուրդը վարչապետի` սույն օրենքի 5-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված
գրավոր հայտարարությունը Կառավարության պաշտոնական համացանցային կայքում
հրապարակվելուց հետո` մեկամսյա ժամկետում, Կառավարության հաստատմանն է
ներկայացնում Հանրային խորհրդի կանոնադրությունը:
3. 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության
Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան կազմավորված
Հանրային խորհուրդը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո շարունակում է գործել որպես
Կառավարության խորհրդակցական մարմին` սույն օրենքին համապատասխան, եւ
ավարտում է գործունեությունը սույն օրենքի համաձայն նոր Հանրային խորհրդի
կազմավորման վերաբերյալ վարչապետի գրավոր հայտարարությունը Կառավարության
պաշտոնական համացանցային կայքում հրապարակվելու օրը:
4. Սույն օրենքի համաձայն կազմավորված նոր Հանրային խորհրդի 15 մշտական
հանձնաժողովների իրավասությանը վերապահված ոլորտների ցանկը մինչեւ
հանձնաժողովների նախագահների ընտրության անցկացումը սահմանում է վարչապետը`
խորհրդակցելով Հանրային խորհրդի` Կառավարության նշանակած անդամների հետ:
Հայաստանի Հանրապետության
ՆախագահՍ. Սարգսյան
2018 թ. մարտի 21
Երեւան
ՀՕ-144-Ն
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
04.12.2024, ՀՕ-527-Ն09.01.2025, ՀՕ-144-Ն
09.06.2022, ՀՕ-189-Ն01.07.2022, ՀՕ-144-Ն
11.02.2021, ՀՕ-73-Ն14.03.2021, ՀՕ-144-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիա